Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում կտրվի  պաշտպանության նախարարի հրամաններով

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրվել, որով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել:

Նոր կարգավորման համաձայն՝ շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում կտրվի  պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:

Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ եզրակացությունները և դրանց արդյունքում տրված հրամանները, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունները և փորձաքննական եզրակացությունները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը` մինչև եզրակացությունների և դրանց արդյունքում տրված հրամանների, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունների և փորձաքննական եզրակացությունների վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը:

Նախագծում նաև նշված է, որ տարեկտում կարող է տրվել վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում:

Օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:

Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով 6 ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը՝ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել