Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի իրավիճակ ներկայացրեց և խնդրեց նշել դրանցից ապագա վարչապետի դուրս գալու եղանակները. «Չէ որ պատերազմական իրավիճակում Դուք եք լինելու գերագույն գլխավոր հրամանատարը»:
«Իրավիճակներն այսպիսին են: ՀՀ-ին սպառնացող իրական վտանգ է առկա և կառավարությունը իրավունք չունի որոշում կայացնել զինված ուժերի կիրառման վերաբերյալ: Ինչպիսի՞ իրավական հնարավորություն եք Դուք տեսնում զինված ուժերի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում զինված ուժերի առանձին ստորաբաժանումների հետ կապված»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր հարցը զարմացնում է, քանի որ մենք արդեն 2 ժամից ավելի այս դահլիճում քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: Ի գիտություն Ձեզ, ես ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում դաս եք տալիս»:
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ ՀՀ-ում կան ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, կա պաշտպանության նախարարություն: Վարչապետը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիստուտների կարծիքը լսելով:
Պատասխանին Կորյուն Նահապետյանը արձագանքեց. «Խորը ափսոսանք պիտի հայտնեմ, քանի որ Դուք չեք տիրապետում Սահմանադրությանը, ոչ էլ «Պաշտպանության մասին» օրենքին: Ես Ձեր փոխարեն այդտեղ կանգնած չեմ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի այդ հարցերին սպառիչ պատասխաններ տամ: Բայց և՛ պաշտպանության նախարարը, և գլխավոր շտաբի հրամանատարը կարող է Ձեզ հանգիստ մոլորեցնել՝ իմացության բացակայության դեպքում»:
«Ասելով, որ կարող եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը ես նկատի չունեմ, որ ես ՀՀ-ի ամենաուժեղ հրետանավորն եմ, ամենաուժեղ տրանսպորտնիկն եմ, կամ Հանրապետության ամենաուժեղ բժիշկն եմ: Վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է՝ առաջին հերթին: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես ինձ մոտ կհրավիրեմ ՊՆ գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաներին և կլսեն նրանց զեկույցը հայ-ադրբեջանական շփման գծում և սահմանին տիրող իրավիճակի մասին: Հաստատված պլանների մասին տեղեկություն կստանամ: Ամենը լսելուց հետո կկայացնեմ անհրաժեշտ որոշումներ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: