Ինչպե՞ս եք պատկերացնում «Սասնա ծռերի» ազատ արձակման գործընթացը. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե որո՞նք են այն մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, որոնc կողմից պետք է որոշվի, թե ովքեր են քաղբանտարկյալները. «Ի դեպ, այդ կազմակերպություններից ոմանք հայտարարել են, որ «Սասնա ծռեր»-ը քաղբանտարկյալներ են։ Այս դեպքում ինչպե՞ս եք վարվելու»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ունենալ շատ հստակ չափանիշներ, պետք է դրանք կիրառող անձանց և կազմակերպությունների շրջանակը գծել և փորձել հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում. «Ընդհանրապես, ես կարծում եմ, որ քաղաքականությանը վերաբերող հարցերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, որի հիմնական նպատակը պետք է լինի հանրային համերաշխության վերականգնումը»։
Արփինե Հովհաննիսյան կրկին հարցրեց. «Ինչո՞վ, ի՞նչ բանաձևերով եք առաջնորդվելու «Սասնա ծռերին» ազատ արձակելու հարցում այն դեպքում, երբ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ նրանք քաղբանտարկյալներ չեն: Ո՞նց եք «Սասնա ծռերի» ազատ արձակման գործընթացը պատկերացնում, որովհետև ասել եք, որ ազատ են արձակվելու»:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի օրենսդրությունը մի քանի պրոցեդուրաներ է նախատեսում, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ պրոցեսը, ինչպես կարող է ազատազրկման կամ կալանքի տակ գտնվող մարդը ազատ արձակվել. «Դրա համար կան օրենսդրական հնարավորություններ և գործիքներ և կդիտարկվի մի դեպքում մի գործիք կիրառելը, մյուս դեպքում՝ այլ գործիք կիրառելը։ Ընդհանուր առմամբ, ես պնդում եմ, որ պետք է կայացնել ոչ թե նեղ թիմային որոշումներ, այլ պետք է նաև հաշվի առնել քաղաքացիական հասարակության փորձագիտական կարծիքները։ Մեր նպատակը հանրային համերաշխության հաստատումն է։ Այսինքն՝ եթե պետք կլինի գնալ քաղաքական որոշումների, որոնք անհրաժեշտ կլինեն հանրային համերաշխություն հաստատելու և երաշխավորելու համար, կգնանք»։
Փաշինյանը նշեց, որ նրանք չեն կարող գնալ լուծումների, որոնք նոր պրոբլեմներ կպարունակեն. «Մենք պետք է համոզված լինենք, որ այն լուծումները, որոնք իրականացվում են, դրանք իրոք լուծումներ են և ոչ թե նոր պրոբլեմների մեկնարկ»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել