Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա հայտարարեց, որ խմբակցությունը իրեն հավաստիացրել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հանդիպմանը ներկա չէր դաշինքի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը:
Խոսելով «Ծառուկյան» խմբակցության մտահոգությունների մասին, Փաշինյան ասաց. «Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն, հակառակը՝ մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»:
Փաշինյանի խոսքով՝ բոլորի համար պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են. «Այս հարցը միանձնյա որոշման արդյունքում չի կարող լինել և ժամկետների հարցում քաղաքական ուժերի համաձայնությունն է հարկավոր»:
Փաշինյանի խոսքով՝ կա ավելի կարևոր սկզբունք. «Մենք պետք է համոզված լինենք, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ենք արել օրինական, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեզ պետք են այնպիսի ընտրություններ, որի արդյունքները հանրության ու քաղաքական ուժերի համար կասկածի տակ չեն լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: