ՀՀ ոստիկանությունը «ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:
Նախագծի հիմնավորաման մեջ նշվում է, որ ներկայումս օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քաղաքացիների համապատասխան հարաբերությունները օրենսդրական կարգավորում դեռևս չեն ստացել:
Օրենքի ընդունման արդյունքում գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծով կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն կամայականությունների դրսևորման դեպքերը, կլրացվեն ու կվերանան ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերություններում օրենսդրական բացերն ու հակասությունները:
Օրենքի նախագծի համաձայն ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի փաստաթղթերն են.
- ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից մեկնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրով, դիվանագիտական անձնագրով, իսկ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում` նաև տվյալ պետության կողմից տրված վավեր անձնագրով:
- ՀՀ քաղաքացիները ՀՀ մուտք են գործում պետական սահմանը հատելու իրավունք տվող, միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող վավեր փաստաթղթով կամ դրա բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված վերադարձի վկայականով, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները մինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալը ՀՀ մուտք են գործում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Նշված անձանց վերաբերյալ տվյալները պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած ՀՀ քաղաքացի ներկայացած անձինք մինչև նրանց ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելը գտնվում են պետական սահմանի անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների տարածքում և ՀՀ մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ նրանց՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու փաստը հաստատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը կարող է ժամանակավորապես սահմանափակվել, եթե`
1) նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը ՀՀ-ից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` պաշտպանության բնագավառում ՀՀ պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը ՀՀ-ից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջնորդությամբ :
2) նրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է կալանք կամ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի փոփոխումը կամ վերացումը կամ գործով վերջնական որոշում կայացնելը կամ դատարանի դատավճռի ուժի մեջ մտնելը: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության դեպքում անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ.
3) նա դատապարտվել է հանցագործություն կատարելու համար. մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը.
4) նա խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումից. մինչև դրանց լրիվ կատարումը կամ օրենքով սահմանված կարգով պարտականությունների կատարման կասեցումը կամ տարաժամկետումը, եթե համապատասխան դատական ակտով տվյալ անձի ելքի իրավունքը սահմանափակված է եղել մինչև պարտականությունների պատշաճ կատարումը.
5) նա Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր կամ կեղծ փաստաթղթեր.
6) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկի կողմից երեխայի մեկնելու վերաբերյալ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով առարկություն է ներկայացվել և դատարանի կողմից այլ բան չի որոշվել.
7) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ դեպքերում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակման բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է գրավոր ծանուցում նման սահմանափակման հիմքերի և ժամկետների մասին նշումով:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված ելքի իրավունքը սահմանափակող հիմքերը ժամանակավորապես կամ վերջնական վերանալու դեպքերում համապատասխան տվյալները պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: