Քրեական պատասխանատվություն՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մի շարք դեպքերում նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Այսպես, Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝

  1. 1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով (200 000 դրամ), կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրամվայները, տրոլեյբուսները, ինչպես նաև տրակտորները և ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները և մեխանիկական այլ փոխադրամիջոցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելու համար, եթե դրա հետևանքով առաջացել են Քրեական օրենսգրքի 241-րդ կամ 242-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կալանքի կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով:

Օրենսգրքի 243.1 հոդվածի համաձայն՝  

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան:

Քրեական օրենսգիրքը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվություն է սահմանում ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար: Մասնավորապես՝

Ուղևորի, հետիոտնի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 241-րդ և 242-րդ հոդվածներով նշված անձանցից) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել