Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում, այդ թվում՝ 2-ը Եվրասիական տնտեսական միության մասով

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ու հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթներին: Դրանք երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկները խմբագրական բնույթի են:

Քվեարկության արդյունքում օրինագծերն առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է «Հաշվապահական հաշվառման մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթների քննարկումը:

Հանձաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է տեղեկատվություն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ: Ըստ նրա` կարեւորվել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնագիտական կարողությունների զարգացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Նիստում ներկայացվել է ՀՀ բյուջետային գրասենյակի 2018 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նրա տեղեկացմամբ` վերահսկողության արդյունքներն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում, այդ թվում՝ 2-ը Եվրասիական տնտեսական միության մասով եւ 6-ը՝ արտածրագրային վերահսկողության արդյունքներով: 3 արձանագրություն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` դիտարկելով վերջիններս որպես քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով, դրանց մասին տեղեկացվել են ՀՀ նախագահն ու ՀՀ կառավարությունը: Պետական կառույցներին վերահսկողության արդյունքների հիման վրա ներկայացվել է 180 առաջարկ: Նշվել է, որ ընթացիկ հաշվետվությունները տեղադրվում են կառույցի պաշտոնական ինտերնետային էջում:

Քվորումի բացակայության պատճառով ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չի կայացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել