Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաև իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում: