Վարչապետի հրաժարականը և ներքաղաքական վիճակն ազդում են նաև տնտեսական ակտիվության վրա․ պարզաբանում է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը

Այսօր՝ ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը տնտեսական առումով նկարագրելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը՝ հղում արեց միջազգային փորձին՝ նշելով, որ տնտեսական առումով էլ շատ ուշադիր պետք է լինել ինֆորմացիոն հոսքերի կառավարմանը։

«Կա համաշխարհային փորձ, որ երբ տեղի են ունենում որոշակի անհանգստություններ և այդ առումով ինֆորմացիոն հոսքերը տարբեր ուղղություններով են գնում, դա ազդում է տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։ Ինչու՞, որովհետև մենք բոլորս, մեր վարքագիծը կառուցում ենք տեղեկատվության հիման վրա, և՛ որպես սպառող, և՛ որպես ներկրող կամ տնտեսվարող սուբյեկտ»,-նշեց Վարդան Արամյանը։

Նրա խոսքով նման իրավիճակները կարճաժամկետ դեպքում միգուցե չեն ազդում, իսկ երեկարաժամկետ ձգձգվող իրադարձությունների դեպքում տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունենում են։

Վարդան Արամյանը ներկայացրեց նաև եվրոպարտատոմսերի եկամտաբերության վարքագիծը, որը, նրա խոսքով, մինչև ապրիլի 12-13-ը համահունչ է եղել գլոբալ զարգացումների հետ, այնուհետև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունից հետո կտրուկ փոփոխվել է։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը հրապարկել էր նաև Բլումբերգից վերցված գծապատկերը․

«Հստակ երևում է որ շուկաներում ներդրողներն «անհանգստացել» են մեր երկրում տիրող իրավիճակից, այնուհետև այսօր առավոտյան (ապրիլի 24) հանդարտվել»,-ասված է Վարդան Արամյանի գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել