Կորոշվի ՀՀ էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը

Կառավարությունն այսօրվա նիստին կքննարկի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգի» մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  Հայաստանում գործնականում բացակայում են հանածո ածխաջրածինները: Ներկայումս ՀՀ-ում էլեկտրական էներգիան արտադրվում է հիմնականում ատոմային, ջերմային և հիդրո էլեկտրակայանների կողմից: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից վերոհիշյալ տարբերակված համակարգային կառուցվածքը համարվում է բավականին կայուն և հավասարակշռված: Այնուամենայնիվ, այս կայունությունը երաշխավորված չէ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածների համար:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման արդյունքում միջուկային էներգիան ներքին սպառման համակարգում կկազմի 40-42%, 40% կկազմի ՀԷԿ-երի արտադրանքը (ներառյալ` շահագործվող և կառուցվող ՓՀԷԿ-երը և “Շնող” ՀԷԿ-ը), մնացած 18-20%-ն այսօր գործող արտադրական հզորությունների պայմաններում բաժին կընկնի բնական գազով աշխատող ջերմային կայաններին:

Հաշվի առնելով բնական գազի սեփական պաշարների բացակայությունը` Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող վերոհիշյալ 18-20%-ը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան:

Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության տեսլականը այլընտրանքային էներգետիկայի ոլորտում արտադրող հզորությունների ավելացմանը զուգահեռ կուտակիչ կայանների զարգացման վերաբերյալ: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում Էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման և դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել և շահագործման հանձնել առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան:

Այս նախագծի հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացման արդյունքում կկազմվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը կներառի առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արևային, հողմային և այլընտրանքային այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության  և կուտակման անհրաժեշտ ծավալները, արտադրող և կուտակիչ հզորությունների նկարագրությունը, դրանց գործարկման ժամանակացույցը և ֆինանսավորման սկզբունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել