Ապրիլի 25-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է ունեցել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակում։
Հաղորդման ժամանակ հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարց է հնչեցնում․ «Այսօր կարդացի, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում բնակվելու և վարչապետ դառնալու հետ օրենսդրական խնդիրներ ունի, մարդիկ ասում են, որ նաև Նիկոլ Փաշինյանը ունի, որովհետև ես որքան հասկանում եմ համալսարանից դուրս ես եկել և կիսատ թողել, իսկ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն։ Օրենքի հետ խնդիրներ կա այստեղ, թե՝ չէ»։
Ի պատասխան հարցին Նիկոլ Փաշինյանը նշում է․ «Ինչքան ինձ հայտնի է, այդպիսի ցենզ վարչապետի համար չկա, նախարարների համար կա»։ Պետրոս Ղազարյանը որպես ճշտող հարց ևս մեկ անգամ հարցրեց՝ «Կա՞ նախարարների համար» և Փաշինյանը պատասխանեց՝ այո։
Նշենք, որ ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանվում է ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը, ըստ որի Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սա տարածվում է նաև Կառավարության անդամների վրա, ինչը ևս սահմանված է ՀՀ սահմանադրությամբ։
Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն կառավարության անդամին ներկայացվող պահանջներն են՝
- Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
- Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
Սրանից կարելի է եզրակացնել, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե նախարարների համար պարտադիր է բարձրագույն կրթություն ունենալը՝ հակասում է Սահմանադրությանը։ Ինչպես պատգամավորների, այնպես էլ նախարարների, փոխվարչապետերի ու վարչապետի համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ։