Տեղեկություններ են պտտվում, թե Փաշինյանն իր համախոհների հետ հրաժարվել է բանակացություններից։
Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ, երբ իմ ու Կարեն Կարապետյանի միջև նշանակված էին բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատին, քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչու՞ ենք այս առաջարկն արել, որովհետև ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ»,- ասաց Փաշինյանւ:
Նրա խոսքով, այսօր էլ իրեն մոտեցել են «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդական թեկնածուի օգտին:
«Այնպես որ, մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել։ Մենք պատրաստ ենք բանակցությունների և այդ բանակցությունները, ինչպես նախկինում պնդել են, պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը»,-հավելեց նա։