Էրեբունիում դիմակավորված անձանց կողմից երթի մասնակիցների վրա բռնություն գործադրելու դեպքի քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք  հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք  քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել