ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի N425-Ն որոշմամբ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների վճարման նպատակով Քրեակատարողական ծառայությանը 2018թ.-ին հատկացվել է 93.837.7 հազար ՀՀ դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Տեղեկացնենք, որ նշված գումարն ուղղվելու է կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:
Ընդունվելու համար կարող են դիմել՝
Միջին խմբի (սպայական) պաշտոններում` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոններում առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):
Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները:
Դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):