Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ռուս լրագրողի հարցին, թե ի՞նչ ընթացք կունենան հայ-ռուսական հարաբերությունները՝ նրա վարչապետ դառնալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսաստանը եղբայրական բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Մեր նպատակների մեջ չի մտնում քննադատել այդ խնդիրները, այլ պետք է լուծեն այդ խնդիրները բանակցությունների միջոցով։ Խնդիրներն առաջին հերթին կապված են մեր տարածաշրջանի հետ, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ։ Անցած տարիներին, երբ եղել ենք Մոսկվայում, քննարկել ենք հայկական վարորդական վկայականների հարցերը»:
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել ռուսական կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վրա։ «Ռուսաստանը զենք վաճառելով կամա, թե ակամ նպաստել է խնդրի խորացմանը»։
Պատգամավորի խոսքով, չկան անլուծելի խնդիրներ, պետք է համբերատար մոտենալ և լուծել այդ խնդիրները։
«Վաղը մենք հանրահավաք ենք անելու հրապարակում։ Մենք այժմ ի վիճակի ենք կես ժամում հանրահավաք հրավիրել։ Որևէ մեկը չի կարող կասկածել, որ ժողովրդի հաղթանակը կարող ենք մեր ձեռքից բաց թողնել։ Կարծում եմ, որ որևէ մեկը չպետք է փորձի ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից տանել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։