Արտերկրից ժամանած լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ, նա չի զիջի դա:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք 7-8 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժը կարող է ղեկավարել երկիրը, Փաշինյանը պատասխանել է, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էլ էր այդպես ասում:
«Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան Հանրապետականների հավաքած 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որևէ փորձ չի հաջողելու»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ ինքը կարող է դառնալ վարչապետ, եթե դրան կողմ արտահայտվի ժողովուրդը:
«Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»,-նշել է նա։
Փաշինյանը նաև նշեց, որ փողոցային պայքարը չի ավարտվելու, քանի դեռ ժողովուրդը չի հասել իր նպատակին: Վաղը անհնազանդության գործողությունները կմեկնարկեն: