Սոցիալական ցանցերում չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզն ու բռնության կոչերը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է․

Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ տարիների ընթացքում ֆիզիկական ուժի գործադրման տեսանյութեր ու լուսանկարներ: Առավել մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն Ոստիկանության ծառայողների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ:

Դրանից բացի, սոցիալական ցանցերի այդ խմբերում տարածվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղղված են հավաքի մասնակիցներին, եթե նրանց բերման ենթարկեն Ոստիկանության բաժիններ: Այդ թերթիկներում պարունակվող տեղեկությունների զգալի մասը պարունակում է ակնհայտ ծաղրանք, մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև բռնություն հրահրող արարքների կոչեր:

Դիտարկումը ցույց է տալիս, որ դա արվում է կազմակերպված ձևով և ստացել է լայն տարածում: Այդ խմբերում արդեն առկա են մեկնաբանություններ պայթուցիկ սարքերի կամ հարմարանքների լուսանկարներով: Ընդ որում, տարբեր խմբերում նույն ձևակերպմամբ մեկնաբանություններ են արվում նույն օգտատերերի կողմից: Առերևույթ ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հաճախ կեղծ օգտահաշիվներ են:

Նշվածից բացի, լրատվամիջոցներին խնդրում ենք, որպեսզի հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

Խնդրում ենք լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել