Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ. խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք, վարույթների ընթացքում խախտվում են ցուցարարների անձնական ազատության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, անձնական կյանքի հարգանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, միավորումների և արտահայտվելու ազատությունների, խտրականությունից զերծ լինելու իրավունքները, բազմաթիվ ցուցարարներ բռնության են ենթարկվում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում ոստիկանության լուռ ներկայությամբ, խաղաղ ցույցերի ժամանակ առանձին անձինք ցուցաբերում են ակնհայտ սադրիչ գործելակերպ, ինչը անուշադրության է մատնվում ոստիկանության ներկայացուցիչների կողմից, առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ կասկածելի կերպով ներգրավված են այս գործընթացի մեջ՝ ոստիկանության թողտվության պայմաններում, ակնհայտ սադրանքներով աչքի ընկած անձանց նկատմամբ դեռևս չեն հարուցվել քրեական գործեր և ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:
Այս օրերին լրագրողների կողմից ամենաթեժ կետերում կատարվող 24-ժամյա պրոֆեսիոնալ աշխատանքը ևս, շատ հաճախ, պարունակում է բավական մեծ ռիսկեր: Ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության են ենթարկվել լրագրողներ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերոնշյալ իրողությունների առնչությամբ և պահանջում ենք ՀՀ դատախազությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների իրավունքները խախտած, նրանց նկատմամբ բռնություն գործադրած բոլոր անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու համար:
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարների՝ սեփական պահանջները ոչ բռնի պայքարի միջոցով իրացնելու իրավունքի նկատմամբ: Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող գործընթացներին և արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի՝ թույլ չտալով խախտել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և բնական իրավունքներն ու ազատությունները»,- ասվում է հայտարարության մեջ: