Եթե պարտապանը որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարում հանձնարարականը, ապա հարկադիր կատարողը կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի գրանցումը

Կառավարության նիստի ընթացքում հավանության է արժանացել նաև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման և սնանկության գործընթացների արդյունավետությունը, ինչպես նաև կնվազեցվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով սնանկության ինստիտուտի կիրառման անհրաժեշտությունը:

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել է, որ պարտապանի գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իրավունք ունի իր որոշմամբ հանձնարարելու պարտապանին իրականացնելու պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար սահմանելով հանձնարարականի կատարման ժամկետ:

Եթե պարտապանը որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարում հանձնարարականը, ապա հարկադիր կատարողը, որպես պարտապանի ներկայացուցիչ, կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը) և կատարված ծախսերը, որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձում պարտապանից: Նախատեսվել է նաև, որ եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում պարտապանը 5 օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

 Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել