Պայթուցիկ նյութ ձեռք բերելու և պահելու համար մեղադրանք է առաջադրվել

Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, որը ձեռք բերելու, պահելու համար մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակչին։ Նրա մասով քրեական գործն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել 1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։

Դեպքի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, այդ թվում՝ մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ:

Արդյունքում՝ Ալավերդիի բնակիչ, 1974թ. ծնված Մ.Ռամազյանին պատկանող՝ Ալավերդի քաղաքում գտնվող, առևտրի սրահում հայտնաբերվել է ընդհանուրը 461 գրամ քաշով ամոնիտ տեսակի պայթուցիկ նյութ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պայթուցիկ նյութը Մ.Ռամազյանն ապօրինի ձեռք է բերել և պահել դեռևս 2013 թվականից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Ռամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա մասով քրեական գործն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել