Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ 1 գերակայությունը․ այսօր՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանք»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին նա նաև անդրադարձավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերիազմին՝ նշելով, որ ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր։
«Ապրիլյան պատերազմի առաջին դաս մենք պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ, երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը,կարծում եմ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է, որ իահրկե՝ ոչ», – ասաց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն, և որ ամենակարևորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելը, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելը, և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելը։