ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետին` նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով գումար պահանջելու և ստանալու համար։
Նախնական քննության տվյալներով՝ Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի տարբեր բնակիչների ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց գլխավոր մասնագետը պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ չարաշահումներն արձանագրվել են 2006-2018 թվականների ընթացքում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետին ապրիլի 14-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի վարձատրության դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: