ՀՀ ոստիկանությունը և խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Երևանում երթերի և հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին պահպանել հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:

Խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: ՀՀ Սահմանադրության 44–րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք», իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել խաղաղ հավաքին:

Իսկ ինչպե՞ս է իրականությունը համադրվում օրենքին: 

2015 և 2016թթ.-ը ՀՀ պատմության մեջ կմնան որպես համապատասխանաբար էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ ծավալված «Էլեկտրիկ Երևան» շարժման և «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման և դրանց շուրջ ծավալված հավաքների ու ՀՀ ոստիկանության պատասխանի տարիներ: Երկու դեպքում էլ երկշաբաթյա ցույցերը, քաղաքացիական ընդվզումներն ուղեկցվեցին ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմամբ, նրանց արժանապատվության ստորացմամբ, մարդու գրեթե բոլոր իրավունքների՝ մասնավորապես խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու, անձնական ազատության, ազատ տեղաշարժի իրավունքների ոտնահարմամբ, մինչդեռ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ ոստիկանության գործունեության սկզբունքներից է, ի թիվս այլնի, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելը:

2015-2017 թթ. ընթացքում ՀՀ-ում ցույցերի, երթերի, բողոքի այլ ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների վարքագծի ուսումնասիրությունն ու վերլուծությունը թույլ են տալիս փաստել, որ ոստիկանության ծառայողները, պայմանավորված հավաքի կոնտեքստով, հանդես են գալիս ոչ թե ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքների իրավունքի իրացման երաշխավորողի, այլ այդ իրավունքը խախտողի դերում:

Մասնավորապես ոստիկանության աշխատակիցները սպառնում են ՀՀ քաղաքացիներին, հոգեբանական ճնշում են գործադրում՝ փորձելով կանխել հանրային միջոցառումներին նրանց մասնակցությունը: Ս.թ. մարտի 20-ից Երևանի Ազատության հրապարակում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ անժամկետ նստացույց էր անում՝ իր բողոքն արտահայտելով «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատավճիռների դեմ: Երկու օր անց ակցիայի մասնակիցներից մեկը գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որ ոստիկաններն այցելում են մասնակիցների տներ, նրանց հրավիրում բաժին:

 

Բռնություն են գործադրում, հատկապես ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացվող ցույցերի դեպքում։

Ի՞նչ է ասում օրենքը: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը:

Ինչպե՞ս է գործում ոստիկանությունը: Ամեն հինգշաբթի ՀՀ քաղաքացիներ են գալիս ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ արտահատելու իրենց բողոքը և այդ ակցիաները հիմնականում անցնում են առանց ոստիկանության միջամտության: Այժմ հիշենք Նախագահի նստավայրի մոտ իրենց բողոքն արտահայտող խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներին, որոնք պարբերաբար ենթարկվում են բռնության ոստիկանության ծառայողների կողմից: Օրինակ՝ 2015 թ.-ի փետրվարը, երբ ոստիկանները հրելով, անգամ քարշ տալով նրանց տեղափոխեցին դիմացի մայթ, կամ 2016 թ.-ի հունվարը, երբ ոստիկանները բռնի ուժով խոչընդոտեցին ծնողների ազատ տեղաշարժի իրավունքը՝ նրանց հրելով հեռացնելով նախագահականի դարպասի դիմացից։

Նախագահի նստավայրի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբերմունքի մասին է վկայում նաև ապրիլի 11-ին` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը: Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան` խաթարելով մեքենաների տեղաշարժը, սակայն ոստիկանները որևէ գործողություններ չձեռնարկեցին: Իսկ երբ ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան, ոստիկանները պատ կազմեցին Ազգային ժողովի շենքի մոտ` թույլ չտալով ակցիայի մասնակիցներին շարունակել երթը:

Թեև կառավարության շենքը և նախագահի նստավայրը հավասարապես ներառված են օրենքում, սակայն կառավարության շենքը, լինելով ավելի «անպաշտպան», չունենալով պարիսպներ, դարպաս, ավելի քիչ է պաշտպանվում ոստիկանության ծառայողների կողմից, քան նախագահի պարիսպապատ նստավայրը։

Ոստիկանության կողմից լայնածավալ բռնությունների մեկ այլ դեպք է 2015 թ.-ի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման  դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցը դադարեցնելու նպատակով ոստիկանների կողմից կիրառվեց բռնություն, անհամաչափ ուժ, գործի դրվեց ջրցան մեքենա։ Հիշարժան է, որ ոստիկանության այդ գործողություններից հետո Բաղրամյան պողոտան չբացվեց, ցուցարարների թիվն աճեց, սակայն այս անգամ, չգիտես ինչու, ոստիկանները ցուցարարներին ցրելու որևէ գործողություն չձեռնարկեցին։

Բռնության նոր ալիք սկսվեց 2016 թ.-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ընթացքում, որն իր կիզակետին հասավ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ ոստիկանները Սարի թաղում հավաքվածների նկատմամբ կիրառեցին հատուկ միջոցներ՝ այդ թվում պայթուցիկներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ, հայտնվեցին հիվանդանոցներում, մեկ անչափահաս տղա անգամ զրկվեց աչքից: Ավելին, ոստիկանության գործողություններից տուժեցին նաև իրենց տներում գտնվող բնակիչները։ Սարի թաղում ֆիզիկական ուժի կիրառման փաստն արձանագրված է նաև ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում: Թեև զեկույցում նշվում է, որ Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժաց զգալի թվով մարդիկ նյութական վնասի փոխհատուցում են ստացել, սակայն հասարակությունը պատշաճ չի իրազեկվել, թե արդյոք բոլոր տուժածներն են ստացել փոխհատուցում, արդյոք այդ փոխհատուցումն եղել է համարժեք, արդյոք փոխհատուցվել են հիվանդանոցներում հայտնված քաղաքացիների ծախսերը։ Ավելին, զեկույցում խոսվում է նաև հատուկ միջոցների կիրառման հետևանքով բնակիչներին պատճառված հոգեբանական վնասի մասին, սակայն, արդյոք, որևէ քաղաքացի ստացել է փոխհատուցում կրած հոգեբանական վնասի համար։

Ոստիկանությունը ցուցաբերում է կամայական պահվածք, ինչն անկանխատեսելի է դարձնում ոստիկանների գործողությունները։ 2016 թ.-ի մարտի 14-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության  10 կանայք` Գևորգ Սաֆարյանի ձերբակալման դեմ նստացույց իրականացնելու ժամանակ, մինչդեռ 2017 թ.-ի մարտին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահից հետո կազմակերպող նստացույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից թեև կիրառվում էր բռնություն, սակայն չի արձանագրվել բերման ենթարկելու որևէ դեպք։ Միևնույն ժամանակ, օրինակ, 2017 թ.-ի հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց, երբ Երևանում կազմակերպվել էր «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հավաք-երթը, ՀՀ ոստիկանությունը չէր ուղեկցում և չէր երաշխավորում երթի մասնակիցների անվտանգությունը: Ինչպես տեղեկանում են ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կայքից, ոստիկանությունից դա բացատրել են այն հանգամանքով, որ հավաքի կազմակերպիչը (փաստացի կազմակերպիչը) ոչ գրավոր, և ոչ էլ բանավոր ոստիկանությանը կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել կայանալիք հավաքի մասին:

Նշենք, որ Եվրոպական դատարանն ամրագրել է, որ անգամ եթե հավաքի կազմակերպիչները չեն տեղեկացնում հավաքի մասին, հավաքներն ամեն դեպքում պետք է պաշտպանվեն պետության կողմից, այսինքն ոստիկանությունն իմանալուն պես հավաքի մասին, ըստ օրենքի, պետք է երաշխավորեր երթի մասնակիցների անվտանգությունը։ Այսինքն ոստիկանները կամ ծանոթ չեն օրենքին, կամ կամայական են այն մեկնաբանում:

Ոստիկանության գործողությունների անհամապատասխանությունը դրսևորվում է նաև այլ հարթությունում։ Մասնավորապես, եթե 2015 թ․-ին Բաղրամյան պողոտայում, իսկ 2016 թ․-ին Խորենացի փողոցում ոստիկանությունը ցուցարարներին «մեղադրում էր» հարակից շենքերի բնակիչների անդորրը խանգարելու մեջ, ապա արդեն 2016 թ․-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ինքն էր պայթուցիկներ նետում բնակիչների տան բակեր՝ չանհանգստանալով նրանց անդորրի մասին։

Մեկ անգամ էլ հղում կատարելով ՀՀ ոստիկանության հայտարարությանը՝ մաղթենք, որ ՀՀ ոստիկանության ծառայողները ևս խստիվ պահպանեն օրենքը, ձեռնպահ մնան դրա կամայական կիրառումից:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել