«Մենք Ազատության հրապարակ չենք վերադառնալու, տեխնիկան տեղափոխում ենք այստեղ և հանրահավաքը տեղափոխվում է Ֆրանսիայի հրապարակ։ Մենք պետք է այս հրապարակը պահենք, սա ամենակարևոր հրապարակներից մեկն է և ամենակարևոր հանգույցը»,- այսօր հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հավաքի մասնակիցները արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից և այժմ Մաշտոցի պողոտայով երթևեկությունը խաթարված է։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փակել նաև Թումանյան-Մաշտոց խաչմերուկը՝ այսպես հերթով կարգով փակելով այնքան, ինչքան իրենց ռեսուրսները հերիքեն: Նա ներողություն խնդրեց ավտովարորդներից՝ ասելով, որ դա պայքար է Հայաստանի քաղաքացիներ համար:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով, որը ավարտվեց այսօր՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում:
«Սա արշավ էր հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, սա արշավ է ընդդեմ հուսահատության և արշավ է հանուն արժանապատվության: Սա արշավ է ընդդեմ արտագաղթի: 14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրեցինք 212 կիլոմետր ճանապարհ և կատարեցինք 320.000 քայլ: Եվ մենք այդ քայլը արեցինք այսօր, այստեղ ձեզ տեսնելու, ձեզ ողջունելու համար»,-այս մասին իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հավաքվածները հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել Ազգային ժողովի շենքը, նաև պատգամավորների տները և թույլ չեն տալու, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը՝ իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու դեմ:
Լուսանկարը՝ Photolure-ի