Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության հավանությանն էր ներկայացրել «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Սահմանվել է տիեզերական տրանսպորտի գործունեությունը:
Տիեզերական տրանսպորտի գործունեություն՝ ցանկացած գործունեություն կապված տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման նպատակով աշխատանքների իրականացման, տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի և տիեզերական տեխնոլոգիաների ստեղծում, օգտագործում (շահագործում) և տիեզերական գործունեության հետ կապված այլ ծառայությունների, ինչպես նաև տիեզերական գործունեության արդյունքների օգտագործում և Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը տիեզերական գործունեության հետազոտման և օգտագործման բնագավառում:
Տիեզերական գործունեության ոլորտի պահանջները և նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախարարությունը հիմանվորման մեջ նշել է, որ նախատեսվում է կանոնակարգել տիեզերական գործունեությունը:
Հաշվի առնելով, որ տիեզերական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան որակավորում, որը հնարավորություն կնձեռնի միջազգային շուկայում հանդես գալու, ուստի նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ կարգավորել տիեզերական գործունեությունը:
Մասնավորապես.
Անհրաժեշտ է սահմանել տիեզերական գործունեության հասկացությունը և այն ընդգրկել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում՝ սահմանելով պետական տուրք:
Նկատի ունենալով գործունեության առանձնահատկությունները և զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքը՝ նախատեսել հարկային արտոնություններ՝ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման և շահութահարկ վճարողների համար եկամուտ չհաշվարկելու համար:
Լիցենզավորման, միջազգային համագործակցության և ոլորտի զարգացման և պլանավորման նպատակով տիեզերական գործունեության բնագավառի լիազոր մարմին ճանաչել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: