Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին, Վայք քաղաքում քաղաքացիական հասարակության կազակերպությունների 20 ներկայացուցիչ իրազեկվեցին, որ ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող դրամաշնորհների առաջին փուլը, որի ընդհանուր նպատակն է ծրագրի թիրախային ոլորտներում՝ արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման, բիզնեսի, կրթության, սոցիալական ոլորտի. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, գյուղատնտեսության, տնտեսության, էներգետիկայի ոլորտներում ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ:
Նշենք, որ դրամաշնորհներ ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
ՔՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր դասընթաց՝
- ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունն ավելացնող առցանց գործիքների և դրանց կիրառման մասին,
- «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և պարտադիր աուդիտի իրականացման առանձնահատկությունների մասին,
- ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումների մասին,
- «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունների մասին թեմաներով:
Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց, թե ՀԿ ներկայացուցիչներն ինչ համակարգերից կարող են օգտվել, որպեսզի ՀԿ-ների աշխատանքը կազմակերվի արագ և շատ ավելի տեսանելի, քան նախկինում է եղել: Մասնավորապես ներկայացվեց MadMimi.com կամ MailChimp.com էլեկտրոնային փոստի հասցեները տնօրինելու, էլեկտրոնային նամակներ ուղարկելու, ինչպես նաև դրա միջոցով անհատական նամակներ ուղարկելու համակարգը, տարբեր հաղորդագրությունների տեքստային ուղերձներն ավելի արդյունավետ տեղ հասցնելու inbound marketing-ի հնարքները և այլն:
«Եթե միջոցառումներ եք կազմակերպում և հրավերներ ուղարկում, կամ ինչ-որ հայտարարություններ եք ուղարկում՝ դա կարող եք անել Attach.io համակարգի միջոցով: Այստեղ կարող եք հետևել ձեր նամակին, տեսնել, թե որ հասցեատերը քանի րոպե է տրամադրել այդ նամակը կարդալու համար, տեսնել, թե որ էջի վրա որքան ժամանակ է ծախսել և այլն»,-նշեց Խաչիկ Գևորգյանը:
Appear.in համակարգը մասնակիցները փորձեցին տեղում, որով հնարավոր է լինում արագ և հարմարավետ վիդեոզանգեր կատարել:
Սիրանուշ Մեսրոպյանը, ով ներկայացնում էր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ն (գործում է Վայքում), մեզ հետ զրույցում պատմեց, որ կազմակերպութան հատկապես երիտասարդ անդամները կարիք ունեն իմանալ նման համակարգերի մասին. «Մենք փորձում ենք, իմանալ, թե ինչ համակարգեր կան, որ կարող են առավել հեշտացնել մեր աշխատանքը, բացի սրանից, երիտասարդներն իմանան, թե ինչ դրամաշնորհներ կան, որոնց կարելի է դիմել»,-նշեց նա:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց, թե որն է սոցիալական ձեռնարկատիրությունը և ինչպես կարող է ՀԿ-ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Անդրադարձ կատարվեց նաև ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգին և պարտադիր աուդիտի իրականացման առանձնահատկություններին:
«Սեմինարն արդյունավետ էր, շատ հարցեր պարզաբանվեցին, օրինակ, որ հասարակական կազմակերպությունները կարող են աշխատել շահութահարկով և շահույթ ստանալու դեպում ինչպես պետք է ձևակերպումներ անեն, նաև հարկային մարմինների և ՀԿ-ների միջև հարաբերություններ կառուցելու մասով»,-իր խոսքում նշեց «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի աշխատակից Կարո Ստեփանյանը:
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ նախօրոք տեղեկացել է, որ նմանատիպ հանդիպումներ տարբեր մարզերում են կազմակերպվելու և միացել է Վայքի հանդիպմանը, թեմաները հետաքրքրել են իրենց կազմակերպության կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Մենք կրթության և առողջապահության ոլորտում իրականացնում ենք մոնիթորինգային աշխատանքներ, ինչպես նաև անդրադառնում ենք մարդու իրավունքների, շահերի պաշտպանությանը և առաջին կազմակերպությունն ենք եղել, որ մարզում իրականացրել է մոնիթորինգային աշխատանքներ դպրոցներում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում: Սկզբում խնդիրն այն էր, որ այդ կառույցները կարծում էին, թե ամեն ինչ իրենց ներքին խոհանոցն է, և այլ կազմակերպություններ չեն կարող իմանալ իրենց գործունեության և հատկապես բյուջեի տնօրինման մասին: Հետո արդեն կարողացանք համագործակցություն ձեռք բերել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և արդեն մեկուկես տարի է, որ համագործակցության եզրեր ենք գտել նրանց հետ»,-ասաց Լիլիթ Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ կազմակերպությունը ցանկություն ունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել և դասընթացից հետո հարցեր է առաջանում, թե արդյո՞ք նպատակահարմար է այս ՀԿ-ի աշխատանքային գործունեության այդ փուլում սկսել նման աշխատանք. «Այն, որ արդեն պետք է առանձին հաշվապահություն վարել, հարկային դաշտ մտնել, մի փոքր խոչընդոտ է այս պահին, խնդիրն օրենսդրական կարգավորումների մեջ է, որ նաև դեռևս այդքան էլ լավ չեն տիրապետում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ալիսա Չիլինգարյան