Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորին

Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային քննարկման ընթացքում Գագիկ Հարությունյանը կարևորել է Արդարադատության ակադեմիայի հետ կառուցողական համագործակցությունը՝ դատավորների թեկնածուների պատրաստման, որակավորման բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև դատավորների վերապատրաստման հետ կապված հարցերում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն առաջարկել է Սերգեյ Առաքելյանին հնարավորության դեպքում ուսուցման գործընթացում տեսական և գործնական փուլերը դարձնել առավել զուգորդված, նպատակային, մշակել գիտելիքների լիարժեք բացահայտման թեստային ձևաչափ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել քննությունների արդյունքների բողոքարկման մեխանիզմների իրացմանը, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքին ցանկացած սուբյեկտիվ միջամտությանը:

Սերգեյ Առաքելյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հետագա ցանկացած համագործակցության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել