Էրեբունու զինկոմիսարիատի զինվորական կոմիսարի տեղակալը դատապարտվեց ազատազրկման

ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, զինվորական կոմիսարի տեղակալ Վարդգես  Համբարձումյանը մեղադրվում է  առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Դեպքը քննվել է ԱԱԾ քննչական ծառայության կողմից:

Ենթադրվում է, որ Վարդգես Համբարձումյանը զբաղեցնելով պաշտպանության նախարարության Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետի-զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, իմանալով, որ քաղաքացի Արսեն Վարդանյանը ցանկության ունի որդուն` զորակոչային տարիքի հասած Կոլյա Վարդանյանին առողջական խնդիրների առկայության հիմքով ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից և չունենալով որևէ լիազորություններ և հնարավորություններ այդ գործում օգնելու համար, այնուամենայնիվ վերոհիշյալ հարցը լուծելու համար` կաշառք ստանալու պատրվակով, 2017թ. սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել է 28.000 ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. հոկտեմբերի 4-ին իր աշխատասենյակում, վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս ստացել է դրամի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 4.783.800 դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը։

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

09.02.2018թ. դատարան է ստացվել նաև տուժող Արսեն Վարդանյանի դիմումը, որով վերջինս դատարանին հայտնել է, որ ամբաստանյալից պարտք և պահանջ չունի, իսկ արագացված դատական քննության դեմ չի առարկում։

Հաշվի առնելով, որ ինչպես մեղադրողը, այնպես էլ տուժողը չեն առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, ամբաստանյալը համաձայնվել է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ:

Եվ, քանի որ ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը դատարանը որոշել է միջնորդությունը բավարարել` կիրառել դատական քննության արագացված կարգ։

Դատարանն ամբաստանյալ Վարգես Համբարձումյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է և նրա խնամքին են գտնվում մինչև 14/տասնչորս/ տարեկան և մանկահասակ երկու երեխաները, ինչպես նաև  թոշակառու ծնողները: Հանդիսանում է ընտանիքի միակ կերակրող ձեռքը, անբասիր ծառայության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Դատարանը որոշել է Վարդգես  Համբարձումյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավճիռը կայացվել է փետրվարի 14-ին:

ԱԱԾ քննչական ծառայության որոշմամբ ամբաստանյալի անվամբ հաշվառված «NISSAN SKAYLINE 2.5» մակնիշի ավտոմոբիլի վրա դրված կալանքը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է։ Գործով իրեղեն ապացույց ճանաչված թղթադրամները վերադարձվել են ԱԱԾ քննչական վարչություն:

Նշենք, որ Վարդդգես Համբարձումյանը դիմել է վերաքննիչ դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել