«Վճռաբեկ դատարանից սպասելիք չունեմ». Սամվել Բաբայանի պաշտպան

«Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպանը՝ Արտաշես Քալաշյանը, պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան՝ այս գործով ընդունված դատական ակտը բողոքարակելու համար:

Պաշտպանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց. «Ոչ մի հույս չունեմ նաև վճռաբեկ դատարանի հետ կապված: Ուղղակի պետք է սպառենք ներպետական ատյանները՝ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»:

Նշենք, որ վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետին մնացել է 9 օր:

Հիշեցնենք, վերքաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։

Նույն գործով անցնող մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել