Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 10-ին նոր որոշումներ է ստորագրել՝ Հայաստան ժամանած երեք պատվիրակությունների կեցության ծախսերի մասին։
Այսպիսով, 2018 թվականի մարտի 29-31-ը Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լմուանի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ կազմել են շուրջ 702 հազար դրամ, որը կկատարվի ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։ Սա կկատարվի ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԱԳ նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների համաձայն։
Մյուսը՝ մարտի 26-28-ը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերի մասին է։ Այս պատվիրակության ծախսերը կկատարվեն ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ԱԳՆ-ի և ԱԳՆ-ի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:
Եվ երրորդը՝ ապրիլի 8-9-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերի մասին է։ Սա ևս կկատարվի ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։