Չինուհուն բռնաբարելու համար մեղադրվողի գործով կայացվեց դատավիճռը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Յու Լուն Չունի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող Արարատի մարզի 33-ամյա բնակիչ Խ. Տերտերյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Գործը քննվում էր Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ:

Դատավճիռը կայացվել է մարտի 30-ին, այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ մեկ ամսվա ընթացքում:

Ըստ մեղադրանքի՝ Խ.Տ.-ն 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն կոչվող վայրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհու կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նշված օրը ժամը 16.00-ի սահմաններում, Խ.Տ.-ի իր վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ՝ չինուհուն և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ նա ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Սակայն Երևան գնալու փոխարեն ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի ուղղությամբ, նրան ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր և շրջելով՝ միասին գնացել են Ուրցաձոր գյուղում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածք, որտեղ Խ.Տ.-ն ցանկանալով սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ, գրկել է նրան, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն վերջինս դիմադրել է ու կծել Խ.Տ.-ի այտը և կրծքավանդակի ձախ հատվածը:

Աղջիկը նրան հասկացրել է, որ կույս է, ինչից հետո Խ.Տ.-ն հրաժարվելով սեռական հարաբերություն ունենալու մտքից՝ սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով չինուհու կամքին հակառակ և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ կծել է նրա զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ամենից հետո սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, և չինուհին վախենալով, որ Խ.Տ-ն կարող է իրեն վնասել, կատարել է նրա պահանջը: Սակայն այդ ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենան՝ ընդառաջ է վազել այդ ավտոմեքենային և առանց ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի թույլտվության և նրանց հետ առանց որևէ խոսք փոխանակելու՝ նստել է նրանց ավտոմեքենան, ապա հեռացել նշված վայրից:

Քրեական գործը քննվել է արագացված ընթացակարգով՝ մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին և զղջում է կատարածի համար:

Նշենք, որ Խ. Տ. նկատմամբ որպես խափաման միջոց է ընտրված եղել կալանավորումը:

Դատարանը, որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ նա դատապարտված չի եղել և Ավշար գյուղական համայնքի ղեկավարի կողմից  բավարար է բնութագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել