Վարչական դատարանին ընդդատյա են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:
Վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը։
Բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը վարչական դատարան կարող է դիմել հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից հնգօրյա ժամկետում։
Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝
1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.
2) դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն.
3) Հանձնաժողովի անվանումը, գտնվելու վայրը.
4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.
5) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են.
6) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.
7) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը սխալ է.
8) դիմողի պահանջը.
9) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
11) դիմողի ստորագրությունը։
Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որ ինքն օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը:
Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող եզրակացության գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
Վիճարկվող եզրակացության գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից:
Նշված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։
Գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Նշված գործերը վարչական դատարանը քննում և դատական ակտ է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
Այս գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) Հանձնաժողովի հաստատած փաստերն անփոփոխ թողնելու մասին.
2) Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին:
Վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերի օրինակները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, հանձնաժողով, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաև համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ։