Արդարադատության նախարարը, ապրիլի 12-ին՝ կառավարության հերթական նիստին, կներկայացնի մի նախագիծ, ըստ որի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն՝ եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները: Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և այդ մասին հայտարարում մեղադրյալին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոհիշյալ դրույթների տառացի մեկնաբանությունը վկայում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է միայն առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու հնարավորություն: Այնինչ, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձի առնչությամբ քննվող գործով ի հայտ գան այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք տան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար, այդ թվում՝ մեղմացման առումով, սակայն անձին մեղադրանք առաջադրված չլինի՝ վերջինիս հետախուզման մեջ գտնվելու պատճառով: Այս դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորության հարցը, առկա օրենսդրական ձևակերպումների պայմաններում, խիստ վիճելի է և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:
Մեղադրյալի հետախուզման ինստիտուտի քրեադատավարական կարգավորմանը նվիրված Օրենսգրքի 259-րդ հոդվածը, սահմանելով մեղադրյալի հետախուզման հասկացությունը, դրա դատավարական կարգի իրացման առումով նախատեսում է միայն ընդհանուր բնույթի կարգավորումներ, ինչը գործնականում կարող է հանգեցնել անհստակությունների, երկակի իրավակիրառ պրակտիկայի, հաճախ էլ՝ չարաշահումների պատճառ հանդիսանալ: Այսպես՝ քրեադատավարական օրենքում կարգավորված չէ մեղադրյալի հետախուզում հայտարարելու դեպքում դրա կատարումը հետաքննության մարմնին հանձնարարելու հետ միաժամանակ վերջինիս քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագրի, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենները ուղարկելու, միաժամանակ ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող մեղադրյալի նկատմամբ հետախուզական գործ կազմելու մասին որոշման վերաբերյալ հետաքննության մարմնի կողմից քննիչին տեղեկացնելու դատավարական պարտականություն, ինչը գործնականում կարող է հանգեցնել հետախուզական աշխատանքի կազմակերպման բարդությունների, հաճախ էլ՝ քրեական հետապնդման մարմինների անգործության: Ու թեև դատավարական բնույթի վերոհիշյալ պարտականություններն ամրագրող դրույթներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գաղտնի որոշմամբ, այդուհանդերձ, նման օրենսդրական կարգավորումը վիճելի է, այդ թվում՝ առերևույթ չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներից:
Այսպես՝ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Բացի սրանից, Օրենսգրքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջները կարգավորող 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է:
Այսպիսով՝ քննիչի և հետաքննության մարմնի վերոհիշյալ դատավարական բնույթի պարտականությունները նախատեսված են ոչ թե Օրենսգրքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, ինչն առերևույթ հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին և գործնականում կարող է հետախուզական գործի կազմակերպման բարդությունների, հիշյալ գործունեության նկատմամբ հսկողության կառուցակարգերի բացակայության պատճառով անվերահսկելի իրավիճակների և չարաշահումների պատճառ հանդիսանալ:
Բացի սրանից, Նախագծով առաջարկվում է հանել Օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը, քանի որ քննիչի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հնարավորությունը նախատեսված է օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով: Նման պայմաններում Օրենսգրքում 259-րդ հոդվածում ևս նման նորմ նախատեսելն իմաստազուրկ է և անհիմն կրկնում է Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կարգավորումը:
Այսպիսով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է իրավական անորոշությունը բացառելու, իրավական նորմի կարգավորման առարկան հանդիսացող բոլոր հնարավոր իրավիճակները հաշվառելու, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, քրեական հետապնդման մարմինների դատավարական բնույթի պարտականությունները քրեադատավարական օրենքում հստակորեն ամրագրելու նպատակով: