Ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Հաղորդման համաձայն՝ Գյուլբենկյան 39Ա շենքին հարակից ավտոտնակում սպորտային պայուսակ կա, մեջն էլ՝ զենքեր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ահազանգին արագ արձագանքած իրավապահները, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերեցին սպորտային պայուսակը, որի մեջ 4 ինքնաձիգ կար, 8 պահունակ և տարբեր տրամաչափերի 274 փամփուշտ։ Նախնական տվյալներով՝ ինքնաձիգերը «Կալաշնիկովներ» են։
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստվեցին։ Պարզվեց, որ ավտոտնակը 10 տարուց ավելի շահագործում է Ա.Խ.–ն։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ավտոտնակում երբեք մեքենա չի կայանել և միայն ժամանակ առ ժամանակ այնտեղ իրեր է տեղավորել։ Ինքը երբեք ավտոտնակում զենք-զինամթերք չի տեսել ու չգիտի՝ դրանք ում են պատկանում։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։
Լուսանկարները՝ ոստիկանությունից