Անվտանգության խորհրդի նոր կազմի ու գործունեության մասին կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին

Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ստորագրել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքը: Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին:

Անվտանգության խորհուրդը, Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:

Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:

Անվտանգության խորհրդի անդամներն են`

  1. վարչապետը.
  2. առաջին փոխվարչապետը.
  3. փոխվարչապետները.
  4. Անվտանգության խորհրդի քարտուղարը.
  5. պաշտպանության նախարարը.
  6. արտաքին գործերի նախարարը.
  7. ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
  8. ոստիկանության պետը.
  9. զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն յոթ անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Իսկ Անվտանգության խորհրդի որոշումներն ստորագրում է վարչապետը:

Հավելենք նաև, որ Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում, և դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել