Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ստորագրել է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին:
Ըստ այս օրենքի, խորհրդի խնդիրները կլինեն՝
1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը.
2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը.
3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը.
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.
5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը.
6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
Հանրային խորհրդի գործառույթներն են՝
1. Հանրային խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն օրենքով և Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`
1) վարչապետի առաջարկությամբ`
ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ,
բ. իրականացնում է գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
2) սեփական նախաձեռնությամբ`
ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված միջոցառումները,
բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը և տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,
գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն,
դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարևորելով սոցիալական գործընկերների միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Կառավարությանը:
2. Կառավարության և հասարակության միջև արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:
4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային հասարակական կազմակերպություններին և իրականացնել միջազգային համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ:
Նշենք, որ Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից:
Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև Հանրային խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:
Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության և քննչական մարմինների ծառայողները, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք.
2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:
4. Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
5. Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ:
6. Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների պալատ, որի կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են օրենքով: