ՊՆ-ն ներկայացրել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կարգը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որն ուղղված է ապահովելու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի ամբողջականությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, նույն հոդվածի 5-րդ մասի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նաև զինծառայողներին հավասարեցված անձինք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանում են ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նշված նորմերը գործել են նաև նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում, որևէ էական փոփոխություն չեն կրել գործող օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը սահմանող ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 806-Ն որոշման մեջ փոփոխել օրենքին կատարվող հղումները:

Միաժամանակ, որպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակ, նախատեսվել է որոշումը լրացնել նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 20.06.2001թ. N 553 որոշումը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 64-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 71-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների համաձայն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 13-րդ և 15-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

Այս նախագծի ընդունմամբ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, զինծառայողներին հավասարեցված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման գործընթացի պատշաճ իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել