Մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի գնահատման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական տվեց՝ նշելով, որ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը:
«2017թ-ին, 2016 թ-ի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ, մարզերում և Երևանում տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավել։ Չնայած նշված դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես, կանխատեսելիության ձեռնարկումից»,-ասաց Կարեն Կարապետյանն:
Ելնելով վերոգրյալից վարչապետը հանձնարարեց․ «Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարությունների թույլատրման նորմատիվային մոտեցումներ՝ այդ թվում, անդրադառնալով դրանց տևողությանը և պահանջվող փաստաթղթերի հարցերին, միաժամանակ, նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմներ:
Իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի՝ համայանքների ու բնակավայրերի գլխավոր հատակագծերի ու գոտեվորման աշխատանքի կատարումը, համապատասխան գործընթացում ցուցաբերել հսկողություն, աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարություն:
Ալիսա Չիլիինգարյան