Կառավարության օրակարգում է պետական հիմնարկի լուծարման հարցը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 210.05654, հասցե՝ ք. Երևան, Իսահակյան փողոց, թիվ 28) լուծարելուն:

Որոշման ընդունման դեպքում «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի, իսկ վերջինիս կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման և պահպանման գործունեություն իրականացնելու, ինչպես նաև  գրական ժառանգության պահպանման, տարածման, գրավոր մշակույթի զարգացման նպատակով:

ՊՈԱԿ-ը իրականացնում է ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանում, գրադարանային, տեղեկատվական, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովում, միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցում, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների՝ շնորհանդեսների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպում, ինչպես նաև իրականացնում հրատարակչական գործունեություն:

«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 14714.9 ՀՀ դրամ:

 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ակտիվները կազմում են  4983,9 հազ. դրամ, որից՝ սեփական գույք՝ մնացորդային  արժեքով 589,5 հազ. դրամ, ամրագրված գույք՝ մնացորդային արժեքով՝ 3183,8 հազ. դրամ, ստուգման ակտով մուտքագրման ենթակա 649,5 հազ. դրամ, այլ մուտքեր՝ 210,0 հազ. դրամ, դրամական միջոցներ՝ 351,1 հազ. դրամ: Պասիվները կազմում են 4983,9 հազ. դրամ, որից՝  ընթացիկ պարտավորություններ՝ 301,0 հազ. դրամ, կրեդիտորական պարտքեր մատուցված ծառայությունների դիմաց՝ 174,0 հազ. դրամ, ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ ՝ 4508,9 հազ. դրամ:

Նախագծով նախատեսվում է ՊՈԱԿ-ի գործառույթները վերապահել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև այդ գործառույթների լիարժեք իրականացման համար՝ որոշ հաստիքային միավորներ: Միևնույն ժամանակ «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին կուղղվեն նաև վերաբաշխման արդյունքում մնացած ֆինանսական միջոցները:

Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Իսահակյան փողոց թիվ 28 հասցեում գտնվող՝ 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և անհատույց և մեկ տարի ժամկետով օգտագործման իրավունքով ամրացնել հիշյալ տարածքի 1-ին հարկից 108 քառ. մետր տարածքը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ 4-րդ հարկից 14.3 քառ. մետր տարածքը՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 40.7 քառ. մետր տարածքը՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, քանի որ վերջիններս չունեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքներ՝ իրենց գործունեությունը իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել