Ապրիլի 2-ի երեկոյան Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Այս մասին անդրադարձով կառավարության ապրիլի 5-ի նիստը սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները, միաժամանակ նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամն պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Վարչապետը արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ արտադրական, վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազամկերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։
«Խախտումների արձանագրման դեպքում՝ սահմանելով սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության հարցերով ներագրավել նաև առողջապահական տեսչական մարմնին։
Առաջարկում եմ գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազամկերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ համագործակցելով ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Բացի սրանից նա հանձնարարեց ԱԻՆ, տնտեսական զարգացման և ներդրումային նախարարներին երկու ամսում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմենրի կատարելագործամն, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստկեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների ուղղված առաջարկություններով։
Վարչապետը դիմեց ԱԻՆ նախարարին․ «Պարո՛ն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում և կիրառում»,-եզրափակեց նա։
Ալիսա Չիլինգարյան