ԱԳՆ-ի մշակած նախագիծը հաջորդական քայլ է Հարավային Ամերիկայի պետությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կոլումբիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկության մասին նախագծին կառավարությունը որոշում կընդունի վաղը՝ ապրիլի 5-ին կայանալիք հերթական նիստին: Այս նախագիծը մշակվել է արտաքին գործերի նախարարության կողմից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ:

Մասնավորապես՝ այն կնպաստի կողմերի՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Կողմերի՝ միմյանց պետությունների տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը բարդացնում է մուտքի արտոնագրի ձեռքբերումը:

Նախարարությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների հետ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ համաձայնագրի ստորագրումը հաջորդական կարևոր քայլ է Հարավային Ամերիկայի պետությունների հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել