«Խնդիրը բյուջեն լցնելը չէ». «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ՝ ԱԺ-ում

Ազգային  ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ  Հայկ Բաբուխանյանը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

«Այս օրենքի նախագիծը ես առաջարկել եմ մոտ 8 ամիս առաջ: Երբ ես ստացա կառավարության պատասխանը, որ նոր նախագծում իմ այդ բոլոր առաջարկները ներգրավված են, ես հանեցի իմ նախագիծը: Այդքան ժամանակ անցնելուց հետո ես նորից նախագիծը բերեցի, որովհետև կառավարության նախագիծը դեռ չկա: Վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքի մասին զրույցները մենք վաղուց լսում են, բայց չգիտենք, թե ինչքան դա կտևի»,-նշեց Բաբուխանյանը և հարց ուղղեց, թե երբ կառավարության առաջարկած նոր օրենսգիրքը կմտնի Ազգային ժողով:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ պատգամավորի ներկայացրած նախագծի ընդունում այնքան էլ հրատապ չէ, որպեսզի առաջ ընկնեն վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքի ընդունումից առաջ փոփոխություններ կատարեն օրենսգրքում:

Պատգամավորն առաջարկում է վարորդին տուգանել 20 հազար դրամի չափով՝ զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար, եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով:

«Տրանսպորտային միջոցի համարանիշը սահմանված տեղում չփակցնելու  1500 դեպք է գրանցվում ամբողջ տարվա ընթացքում, ինչը 2016 թվականի հետ համեմատ 150-ով է ավելի: Առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով տրանսպորտային միջոց վարելու 2016 թվականին 179-ը, իսկ 2017 թվականին նման 198 դեպք է գրանցվել: Տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ և այլ առարկաներ նետելու համար տուգանք է նշանակվել 1439 անձի նկատմամբ և 10 դեպքում էլ վարորդներն են այդ առարկաները նետել: Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելու համար 2016-ին տուգանվել է  149 անձ, իսկ 2017-ին 92-ը: Այսինքն, նույնիսկ նվազում է նկատվել: Մենք չունենք հրատապության խնդիր»,-նշեց Վարդան Եղիազարյանը՝ հավելելով, որ կառավարությունը գտնում է՝ նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա:

Պատգամավորը սակայն պնդում էր, որ նախագծի ընդունումը կնպաստի, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն անվտանգ ու արդար պայմաններում. «Խնդիրը բյուջեն լցնելը չէ»:

Հայկ Բաբուխանյանը առաջարկում է նաև 10 հազար դրամ տուգանել բոլոր այն վարորդներին, ովքեր տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ և այլ առարկաներ կնետեն: Նշենք, որ հիմա 5 հազար դրամի չափով տուգանք է նախատեսված:

«Իմ առաջարկն է 5 հազարը դարձնել 10 հազար, որովհետև մեքենայով գնում ես ու տեսնում, որ մեքենայից ինչ ասես դուրս է գալիս: Մեր քաղաքը, երկիրն էլ ափսոս է»,-նշեց պատգամավորը:

Նախագծի ընդունման դեպքում գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, չեն պատժվի այլևս նախազգուշացումով: Կնշանակվի 10 հազար դրամի չափով տուգանք:

«Ես շատ բողոքներ եմ ստանում տուրիստներից, որ գիշերայինն ժամերին իրենց անդորրը խաթարում են: Այս նախագիծը ընդունելու դեպքում մենք վիճակը կբարելավենք, իսկ կառավարությունը երբ ներկայացնի նոր օրենսգիրքը՝ իր փոփոխություններով, թող թեկուզ մի տարում, ես համաձայն եմ համարվել համահեղինակ»,-նշեց Հայկ Բաբուխանյանը:

Նշենք, որ կառավարությունը այս նախագծում փոփոխություն կատարելու առաջարկներ ներկայացրեց, սակայն դրանցից ոչ մեկը չընդունվեց հանձնաժողովի անդամների կողմից:

Հարցի քվերակությունը հետաձգվեց, նախագիծը ուղարկվեց լրամշակման:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել