ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախագիծ է մշակվել, որի ընդունումը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների կատարման, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձարկումների (փորձաքննությունների) կատարման վերաբերյալ կազմակերպությունների հետ կնքված շրջանակային համաձայնագրերի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
Այս մասին հարցը կառավարությունը կքննարկի ապրիլի 5-ին կայանալիք նիստին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների և սննդամթերքի ներմուծման գործընթացներում պետական վերահսկողության իրականացման ընթացքում բեռի անվտանգությունը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում իրականացվում է ներմուծվող սննդամթերքի փորձաքննություն:
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար` փորձաքննությունների գնացուցակի համաձայն: Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին` յուրաքանչյուր փորձաքննության համար` գնացուցակով սահմանված չափով:
ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշմամբ հաստատվել է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումների իրականացնող փորձարկման լաբորատորիաների մրցույթով լիազորման կարգը՝ համաձայն որի հաստատվել է լաբորատոր փորձարկումների (փորձաքննությունների) տեսակները և գնացուցակը: Նույն որոշմամբ սահմանված կարգով շրջանակային համաձայնագրեր են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք պետք է կատարեն ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձարկումներ (փորձաքննություններ):