Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները:
Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Նույնանման փաստերով այլ գործով վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:
Այս մասին սահամնում է քրեական դատավարության օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները:
Քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
Քրեական դատավարության մասնակցին նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
Դատավարական բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի քննարկում կամ չի թույլատրում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու:
Քրեական դատավարությանը մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի և դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին:
Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ:
Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, դատական կարգադրիչները, դատավարության մասնակիցները, իսկ անհրաժեշտության դեպքում` ընթերական, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը և վկան: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք։
Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ:
Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մեծամասնությամբ:
Իսկ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է:
Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:
Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:
Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից:
Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։
Վճռաբեկ դատարան բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար:
Օրենքն ընդունվել է մարտի 23-ին, սակայն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի։
Օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը (Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն):