Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել օրենքի պահանջները. ԴԱՀԿ

Կատարողական վարույթի կողմեր են պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`

  1. կնքել հաշտության համաձայնություն,
  2. կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի,
  3. ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ,
  4. անել միջնորդություններ,
  5. մասնակցել կատարողական գործողություններին,
  6. տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փատարկներ և նկատառումներ,
  7. առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ,
  8. հայտնել բացարկներ,
  9. բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները,
  10. օգտվել օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներից:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել օրենքի պահանջները:

Քաղաքացիները կատարողական վարույթին կարող են մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել