ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ:
Այսպես, Կարեն Մարտիրոսյանն ու Վիգեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանը նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց ուղղորդել է բացատրությունում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբրև ականատես են եղել 21.05.2017թ.-ին Թալին քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքներին: Բացի այդ, հայտնել են, որ հիշյալ ոստիկանը դեպքի վայրի զննության արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել գործողությանն ընթերակաների մասնակցության վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Կ. Մարտիրոսյանն ու Վ. Վարդանյանը նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ են հայտնել վերը նշված ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Կ. Մարտիրոսյանի ու Վ. Վարդանյանի կողմից սուտ մատնություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Հրայր Հունանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանին:
Այսպես, Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Բացի այդ, քրեական գործից հանել է իր մեղքը հերքող ցուցմունքները, ինչպես նաև կեղծել հարցաքննության արձանագրություններում իր ազգանվան կողքին առկա ստորագրությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Հ. Հունանյանի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում և դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Քննությամբ հիմնավորվել է, որ արձանագրություններում առկա ստորագրությունները պատկանում են Հ. Հունանյանին, և քննիչն էլ վերջինիս չի ուղղորդել սուտ ցուցմունքներ տալ: Հ. Հունանյանը խոստովանել է, որ սուտ մատնություն է կատարել` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել վերը նշված քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Հ. Հունանյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Սուտ մատնության հատկանիշներով հարուցված վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: