Մարտի 29-ին գործադիրը որոշում կընդունի ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում մշակել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ:
Նախագծի հիմնավորման համաձայն ԱՃԹՆ-ն ներդրած բոլոր պետություններն առաջնորդվում են ԱՃԹՆ-ի ստանդարտով, և ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն (պահանջ 2.5)՝ ԱՃԹՆ-ն իրականացնող երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին (այդ թվում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց): Հայաստանի Հանրապետություն ուներ ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի որոշմամբ սահմանված միջազգային պարտավոություն, այն է՝ մինչև 2018թ. հունվարի 1-ը հրապարակել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, որն էլ Հայաստանի Հանրապետությունը ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը (ԲՇԽ) սահմանված ժամկետում հաստատել և ուղարկել է միջազգային քարտուղարություն: Հարկ է նշել, որ վարչապետի որոշմամբ հաստատված ԲՇԽ-ի կազմը ներառում է համապատասխան 6 գերատեսչությունների, ոլորտի խոշոր հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ում կողմից ճանապարհային քարտեզն արժանացել է հավանության:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն՝ մասնավորապես, իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական ուսումնասիրության իրականացման և իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:
ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության, լիազոր պետական մարմինների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցելով՝ ներգրավված միջազգային և տեղական խորհրդատուները կազմել են ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները (մասնավորապես, մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող)՝ ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների արդյունավետ իրագործման համար անհրաժեշտություն է առաջանում փաստաթուղթն ամրագրել ՀՀ կառավարության որոշմամբ, որից հետո իրավական ակտերի մշակման նպատակով կստեղծվի միջգերատեսչական խումբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում են միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կբացահայտվեն ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը: Այդ նպատակով ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը:
Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ: Համապատասխան օրենսդրության մշակման պատասխանատու մարմինն է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:
Նախագծի ընդունմամբ իրավական ուժ կստանա արդեն իսկ հրապարակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը, ինչով կապահովվի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման սահուն ընթացքը: