Ստուգված ԱԳԼՃԿ-ների 100%-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում` 80%-ի․ ՇՎՏՄ

Հայաստանյան շուկայում 2017-ին՝ 2016-ի համեմատ, գրանցվել է ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի 31% աճ: Արձանագրված փաստը վկայում է շուկայում որակի գնահատման չափորոշիչների բարելավման մասին։ Այս մասին տեղեկանում ենք  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Հենց այդ խնդրին հետամուտ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) ոչ պարենային ապրանքների շուկայում իրականացված աշխատանքներն ամփոփելով՝ արձանագրում է նաև, որ 14.6 %-ով ավելացել է ներմուծած արտադրանքի համապատասխանության գնահատման ցուցանիշը։ Եթե 2016-ի ընթացքում պարբերաբար և խոշոր ծավալի ոչ պարենային արտադրանք ներմուծող տնտեսվարող սուբյեկտների ընդամենը 12.8%-ն է իր կողմից ներմուծած արտադրանքն ենթարկել համապատասխանության գնահատման, ապա 2017 թ-ին՝ շուրջ 27,4%-ը:

Ամփոփելով 2017-ի գործունեության արդյունքները՝ ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանը ընդգծեց, որ շուկայի անվտանգության ապահովման նպատակով տեսչական մարմինը իրականացնում է ինչպես վերահսկման, այնպես էլ կանխարգելման և հանրության լայն շրջանակների իրազեկման աշխատանքներ։

«Մեր նպատակն ամենևին ստուգել և տուգանելը չէ, ուստի մենք աշխատում ենք ինչպես տնտեսվարողների, այնպես էլ սպառողների հետ խնդրի էությունն՝ այն է՝ բոլորիս է պետք և ձեռնտու ունենալ անվտանգ շուկա, ճիշտ բացատրելու համար»,- ասաց Լևոն Խալիկյանը։

Իսկ 2017-ին ՇՎՏՄ-ն իրականացրել է 197 ստուգում և տնտեսավարողների 81.7%-ի մոտ հայտնաբեր է տարբեր բնույթի՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի և այլ խախտումներ: Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, և նշանակված տուգանքների գումարը կազմել է 23 մլն 80 հազար ՀՀ դրամ։

Ըստ ոլորտների` խախտումների պատկերը հետևյալն է. ստուգված ԱԳԼՃԿ-ների 100%-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, խաղալիքների ոլորտում` 83%-ի,  օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում` 80%-ի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76%-ի, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների՝ 71%-ի, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվողների` 67%-ի մոտ։ Չափումների միասնականության ապահովման առումով ստուգումներում խախտումներ արձանագրվել են 41% ընկերություններում:

«Խնդիրները շատ են, սակայն վերոնշյալ թվերը վկայում են ակնհայտ դրական դինամիկայի մասին»,- ասաց Խալիկյանը։

Կանխարգելման և իրազեկման աշխատանքների շրջանակում՝ ՀԿ-ների հետ լայն համագործակցությամբ եւ ներգրավմամբ, կազմակերպվել են հանդիպումներ Երևանում և 4 մարզերում՝ Շիրակ, Սյունիք, Կոտայք, Տավուշ։ ԶԼՄ-ներում տարբեր ձևաչափերով լուսաբանվել է Տեսչական մարմնի գործունեությունը, մշտապես արձագանքվել է հանրության կողմից բարձրացված խնդիրներին։ ԶԼՄ-ների և թեժ գծի միջոցով իրականացվել է նաև խորհրդատվական աշխատանք՝ ուղղված սպառողների և տնտեսավարողների իրավագիտակցության բարձրացմանը։ Վերամշակվել և արդեն գործարկվել է նաև ՇՎՏՄ նոր կայքը՝ prosafe.am հասցեով, որտեղ մատչելի կերպով ներկայացվում է ինչպես սպառողներին, այնպես էլ տնտեսվարողներին հետաքրքրող ողջ տեղեկավտությունը ստուգումների ծրագրերի, դրանց արդյունքների մասին և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել