Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին:
«Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև 22.30 և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ բոլոր ծառայություններին համատեղ աչալուրջ աշխատանքի համար»,- խորհրդակցության սկզբում նշել է Շիրակի մարզպետը:
Նախնական տվյալներով վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 15.00-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ահազանգերն հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:
ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ:Վաղ առավոտից մասնագետները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները, ժամը 12.30-ի դրությամբ 45 բնակավայրերերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի, երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում: «Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»:
Հիշեցնենք, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։