Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին նախագիծ է հրապարակվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել  նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնավորման համաձայն մինչև 2017թ-ի դեկտեմբերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելը, ուսումը շարունակելու կապակցությամբ քաղաքացիների տարկետման իրավունքը սահմանված էր նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, որում նախատեսվում էր տարկետում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված, կամ մագիստրոսի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորողների համար:

Օրենքի պահանջների համաձայն ուսումը շարունակելու նպատակով նպատակային ուսումնառության համար տարկետումից կարող են օգտվել միայն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողները: Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից:

Նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, նախատեսվում է նշված քաղաքացիների ընտրության գործընթացն իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Սահմանվում են նաև Հայաստանում հանրակրթական և հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողների տարկետման տրամադրման, ինչպես նաև վերը նշված քաղաքացիների տարկետման դադարեցման պայմանները:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նպատակային ուսումնառության համար քաղաքացիներին տարկետում տրամադրելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել